Երևանում հայտնաբերվել է «CREDO» վարկային կազմակերպությունից մի քանի միլիոն թալանողը

Երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են հունիսի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գործող «CREDՕ» վարկային կազմակերպության Մալաթիայի մասնաճյուղում զենքի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչներն այնուհետև դարանակալումներ են իրականացրել այդ կասկածյալի հավանական գտնվելու վայրերում, ապա կատարել բացատրական աշխատանքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Աշոտ Դ-ն է, ով երեկ, կեսգիշերին մոտ, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։

Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալ Աշոտ Դ-ն Երևանում գործող ընկերություններից մեկի մենեջեր է և ունեցել է վարկային պարտքեր և ըստ իր հայտնածի՝ դա է եղել պատճառը, որ դիմել է այդ քայլին։ Նրա նկատմամբ այս պահին էլ Երևանի դատարաններից մեկում գործ է քննվում։

Աղբյուրը հայտնում է նաև, որ կատարված ավազակային հարձակման մասին ոստիկաններին ահազանգել էր Արմավիրի մարզի բնակչուհի՝ 29-ամյա Գայանե Գ-ն, ով աշխատում է նշված մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը, հունիսի 28-ին դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CREDO վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ոստիկանները պարզել էին, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել էր նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

 

поделись с друзьями

Добавить комментарий