Տեսեք ում են ձերբակալել և ինչու, ամոթ… Տեսանյութ

Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նրան ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Լուսինե Ավետյանին կալանավորելու համար:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Ավետյանը Քարահունջի 4 բնակիչների այս տարվա մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի Գորիսի հանրահավաքին, հետո էլ նրանց ստիպել մասնակցել ընտրություններին ու ընտրել նույն դաշինքին։ Քարահունջի մեկ այլ բնակչի էլ 100 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումն է կազմակերպել՝ սոցիալական առողջական խնդիրների լուծման համար, հետո այդ բնակչին ու նրա ամուսնուն գումարը ներկայացրել որպես ընտրակաշառք՝ «Հայաստան» դաշինքնի քարոզարշավին՝ ապա ընտրությանը մասնակցելու դիմաց։ 47-ամյա Լուսինե Ավետյանն այժմ ձերբակալված անձանց պահման վայրում է, մեղադրանքը չի ընդունում, ասում է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Լուսինե Ավետյանը պնդել է, որ ինքը որևէ մեկին չի հարկադրել մասնակցել, տվյալ անձինք չեն էլ մասնակցել այդ քարոզարշավներին», — ասաց Ասլանյանը:

Ըստ փաստաբանի՝ Գորիս խոշորացված համայնքի Քարահունջի վարչական ղեկավարը համայնքի բյուջեից դրամական աջակցություն տալու լիազորություն չունի էլ, ըստ քաղաքացիների դիմումների՝ սոցիալական աջակցության որոշում Գորիսի համայնքապետարանն է կայացնում:

«Ոչ մի կապ. ինքը ո՛չ փաստաթուղթ է ստորագրել, ո՛չ տրամադրել է, ոչ մի բան, բացարձակապես որևէ լիազորություն այդ ոլորտում ինքը չունի», — ընդգծեց Ասլանյանը:

Գորիսի փոխքաղաքապետ Հովսեփյանը նույնն է պնդում՝ Լուսինե Ավետյանը համայնքի բնակիչներին որևէ աջակցություն տրամադրել չէր կարող, այդ մարդկանց դիմումներով զբաղվում է քաղաքապետարանը. «Լուսինե Ավետյանն իրավասություն չունի դրամական օգնություն տալու, այն, ինչ որ հիմա գրվում է, ինչ որ տարածվում է, ընդամենը հերթական շոու է»:​

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր Քարահունջում: Նրա փաստաբանը պնդում է՝ այս ամենը քաղաքական հետապնդում է, ունի տվյալներ, որ ցանկալի ցուցմունքներ ստանալու համար աջակցություն ստացած մարդկանց ճնշել են, ընդ որում՝ ոչ թե իրավապահները, այլ, փաստաբանի խոսքով, հեղափոխության պահապանները:

«Տարբեր քաղաքացիներ, ովքեր իրենց հռչակել են հեղափոխության կողմնակիցներ, գործող իշխանության կողմնակիցներ, գնում են այդ օգնություն ստացող անձանց վրա ճնշում են գործադրում՝ եկեք ցուցմունք տվեք, ասեք, որ ընտրակաշառք է և այլն: Այսինքն՝ մենք վերադարձել ենք կարծես թե 19-րդ դար, ինչ-որ թաղային խուժանի միջոցով հարցեր են լուծում, և սրա լիազորությունը պատկանում է բացառապես քրեական հետապնդման մարմիններին», — ընդգծեց Րաֆֆի Ասլանյանը:​

Փաստաբանը Ավետյանի ձերբակալման արձանագրությունն այժմ բողոքարկում է դատարանում:

Քարահունջում ընդհանուր առմամբ՝ ընտրական ու նախընտրական մթնոլորտը հովվերգական չի եղել: Գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Վալերի Մանուչարյանի խոսքով՝ ընտրության ողջ օրը համայնքապետն իր թիմով ընտրողների ուղղորդմամբ էր զբաղված. «Ամբողջ ընթացքում տեղամասում է եղել որպես «Հայաստան» դաշինքի վստահված անձ, իսկ իր տղան՝ «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ»​:

Ըստ Մանուչարյանի՝ համայնի ղեկավարը ընտրատեղամասում իր համախոհներին անցաթուղթ էր տրամադրում. «Նույն վարչական ներկայացուցիչ «Հայաստան» դաշինքի վստահված անձը տեղում բեյջ էր լրացնում և տալիս իր համախոհներին, որ հնարավորինս շատ մարդ ունենա»​:

Քվեարկողների մեծ մասին էլ համարում էին անգործունակ ու հետը քվեախցիկ մտնում, ներկայացրեց նա. «Ունեինք կույրերի համար նախատեսված սանդղակ, որ եթե այդ մարդը լավ չի տեսնում, կարող էր օգտվել, դրանից հրաժարվում էին, նախընտրում էին, որ ինչ-որ մեկն այդ մարդու հետ մտնի»:

Վալերի Մանուչարյանն ասում՝ ընտրողների ուղղորդման բազմաթիվ փաստերի է ականատես եղել և երբ փորձել է գրանցամատյանում արձանագրել՝ ծեծկռտուք է սկսվել, որին հիմա մեծ կարևորություն չի տալիս:

«Որպես հանձնաժողովի քարտուղար ստիպված էի արձանագրություն կազմել, ինչը դուր չէր եկել հանձնաժողովի մի քանի անդամների, այդ թվում՝ մի քանի վստահված անձերի, թեթև քշքշուկ է եղել, բնական է, որ պետք է լիներ»​, — ասաց Մանուչարյանը:

Քարահունջում «Քաղաքացիական պայմանագիրը» 335 ձայն է հավաքել, «Հայաստան» դաշինքը՝ 240: Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե համայնքապետը դրամական փոխանցումներով մարդկանց ստիպել է քարոզարշավներին մասնակցել ու ընտրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին, Վալերի Մանուչարյանի տեղեկությամբ, գումար փոխանցվել է շուրջ 22 հոգու, ասաց՝ հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներ են։

Добавить комментарий